Category Archives: Մայրենի

Անբախտ վաճառականներ

Լեգենդ
Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՜կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք-խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան, Արաբըստան…
Է՜լ թանկագին քիրմանի շալ,
Էլ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՛ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի:
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր:
Ազատվեցավ — փառք իր ասծուեն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՛ — ի՞նչ, ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց, ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
— է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՜ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՜յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՛նչ ենք լըսում. — վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ.
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտաոակ բա՞ն…
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վա՜յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս:
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՜յ քու տունը քանդվի, ա՜ Ճայ,
Ա՜յ դու դառնաս գըրողի փայ.
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի՜ նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՜ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում:
— Չէ՛, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՜, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…
Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՛, չըկա՛:
— Էս ի՛նչ ցավ էր. աստված վըկա.
Ի՞նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ….
Շատ միտք առավ,
Դես-դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թաշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին:
Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի:
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

Continue reading

ՄԻ ԿԱԹԻԼ ՄԵՂՐԸ

Մի գյուղացի իրենց գյուղում
Խանութ սարքել, բան էր ծախում։
Օրվան մի օր մոտիկ գյուղից,
Մահակն ուսին, շունն ետևից

Ներս է մտնում մի զըռ չոբան.
— Բարի օր քեզ, ա՛յ խանութպան,
        Մեղրը չունե՞ս,
        Մի քիչ տաս մեզ։
— Ունեմ, ունեմ, չոբան ախպեր.

Continue reading

Տնային առաջադրանքներ

Տրված բառերը դասավորի՛ր այբբենական կարգով։

արագ, բնական, արքա, բանիմաց, զավակ, դիմակ, դանակ, գովազդ, զգեստ, թութակ, թակարդ։
Արագ, արքա, բնական, բնիմաց, գովազդ, դիմակ, դանակ, զգեստ, զավակ, թութակ, թակարդ:

Տրված բառերը դարձրո՛ւ հոգնակի։

Եղնիկ, թռչուն, դուռ, աչք, ձեռք, մարդ, կին, երեխա։

Եղնիկներ, թռչուններ, դռեր, աչքեր, ձեռքեր, մարդիկ, կանայք, երեխաներ:

Յուրաքանչյուր բառի դիմաց գրի՛ր դրան տրվող հարցը։

պայուսակ-ինչ

սեղան- ինչ

համակարգիչ- ինչ

լուսավոր- ինչպիսի

խաղաղ- ինչպիսի

երեք- ինչքան

հարյուր- ինչքան

հինգ հարյուր- ինչքան

<<Բառքամոցի>> մեթոդով <<հեռուստացույց>> բառից հնարավորինս շատ բառեր կազմի՛ր։
Հեռու, տառ, ցույց, ռուս, ուս, տաս, սուտ, ուստա:

Տրված արմատներով բարդ բառեր կազմի՛ր։

միտք- մտազբաղ, մտամոլոր

երգ- երգահան

լույս-լուսարձագ

գույն- շագանակագույն

ծաղիկ- ձնծաղիկ, ծաղկազարդ

Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Continue reading

Խելոքն ու հիմարը

Երկու ախպեր են լինում․ մինը՝ խելոք, մյուսը` հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝

— Ախպե՛ր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ, իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։

— Լա՛վ,- ասում է խելոքը,- էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ, երբ ջրից բերես, որ ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։

Continue reading

Ինչպես ճանաչեցի Հովհաննես Թումանյանին

Հովհաննես Թումանյանին ճանաչել եմ, երբ ես 4 տարեկան էի։ Եղբայրս սովորում էր անգիր նրա գրած բանաստեղծություններից մեկը եւ ես անընդհատ փորձում էի իրեն խանգարել։ Մայրս բարկացավ, ասեց, որ իմ հերթն էլ կգա անգիր սովորելու ու որ ինձ էլ խանգարեն, ես կնեղվեմ։ Հիմա դպրոցում անցնում ենք Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունները։ Նա իմ ամենասիրելի հայ գրողներից է։

Մոծակն ու մրջյունը

Գիժ Մոծակի պարի ժամին
Զարկեց հանկարծ աշնան քամին,
Ուժը խըլեց, ուշքը տարավ:
Գիժը մին էլ մըտիկ արավ,
Որ էն արև
Աշխարհքն արդեն պատած ողջ սև,
Լացով, թացով սուգ է անում,
Դողում, պաղում ու դալկանում
Շուտիկ, շուշտիկ իրեն կինն էլ
Սուսիկ-փուսիկ կողքից կորել,
Ով գիտի՝ ինչ ծակ էր գըտել,
Մինչև գարուն մեջը մըտել:
Սոված, սառած
Ու սալարած
Վեր թըռավ՝ վար, դես ընկավ՝ դեն,
Ժիր Մըրջյունի տաքուկ ու շեն
Բունը հիշեց, ելավ գընաց,
Դըռան առջև տըխուր տըզզաց.
— Բա՜ց արեք, բա՜ց…
Էս տարաժամ՝ թըշվառ ձենից
Կոպիտ, թուխ-թուխ,
Հաստագըլուխ
Մի պահապան զարթնեց քընից,
Ներսի մըթնում մի կերպ արավ,
Փակած դուռը նեղ ծերպ արավ,
Տեսավ՝ սևով, թևով զուգված՝
Դըռան առջև մինը տընկված,
Ոտները թել,
Ինքը մի գել:
— Հե՛յ, ո՞վ ես դու,
Ա՜խպերացու:
— Տը՛զ-պը՛զզ, -ասավ,- Մոծակն եմ ես.
Բա չե՞ս ասիլ՝ էսպես, էսպես.
Ամառն ամբողջ,
Ուրախ, առողջ,
Պայծառ ու տաք
Արևի տակ
Կինըս աշխույժ սազ էր ածում,
Ես էլ անհոգ խընդում, ցընծում,
Տեսակ-տեսակ պարեր պարում,
Սըրա նըրա թուշն համբուրում
Ու վայելում ամեն բանից,
Ամեն բարուց ու սեղանից,
Լիքը այգում,
Ճահճոտ մարգում,
Ճոխ տըներում,
Պալատներում…
Մի անգամ էլ, երբ որ էսպես
Պարում էի, մինը անտես
Էնպես զարկեց՝ ուշքըս անցավ:
Ուշքի որ գամ՝ ի՞նչ տեսնեմ լավ.—
Երկինքը թուխպ, երկիրը սև,
Դառը քամի, սառը անձրև,
Արար աշխարհն պաղել, փոխվել…
Կողքիցըս էլ կինս է փախել,
Էլ ի՞նչ ասեմ, ողջը մի-մի
Էն ի՞նչ լեզու կարա պատմի
Կամ ի՞նչ բերան,
Չըտեսնըվա՛ծ, հըրաշք մի բան…
Հիմի էսպես՝ սոված, մենակ,
Մընացել եմ պատերի տակ,
Տեղ չի ունեմ, կեր չի ճարվում:
Ես էլ եմ հո շատ մըճըրվում,
Բայց ի՞նչ անեմ, ո՞ւր գընամ էլ,
Երեսս էլի ձեզ եմ արել:
Աստծու սիրուն, մի՜ խընայեք,
Էս մի ձըմեռ շահեք, պահեք,
Մինչև նորից գարուն բացվի,
Աշխարհքն էլ ետ բարով լըցվի:
— Դե լա՜վ, դու կաց, ներս գընամ ես,
Տեսնենք՝ ներսից ինչ կասեն քեզ:
Ասավ պահնորդն ու մեջեմեջ
Կոկ սենյակներն անցավ անվերջ,
Մինչև հասավ ներսի տունը,
Ուր ապրում էր մեծ Մըրջյունը
Առատ կյանքով,
Իր համայնքով:
Գընաց իրենց լեզվով հայտնեց,
Մըրջյունը լուռ լըսեց, մըթնեց,
Ու ետ դարձավ
Էսպես ասավ.
— Գիժ Մոծակի համա՞ր եմ ես
Ողջ ամառը արևակեզ՝
Էնքան ջանքով
Ու տանջանքով
Տուն տեղ դըրել, ճամփա հարթել,
Ամբար շինել, պաշար կիտել,
Որ ամառը ծույլ պըտըտի,
Ձմեռը գա նըստի ուտի՞…
Մեր ծույլերին ջարդել ենք մենք,
Ուրիշ ծույլի՞ բերենք պահենք…
Կերթաս կասես էդ անպետքին,
Բանի, գործի ժամանակին
Ով փոխանակ աշխատելու,
Ուշք ու միտքը տա խընդալու,
Պարապ շըրջի, երգի, պարի,
Սըրա նըրա թուշն համբուրի,
Էս կուռ վազի, էն կուռ ցատկի,
Վերջը էդպես պիտի սատկի:

Հատվածների ընթերցումներ առակից.

Վահե Մուսայելյան

Առաջադրանքեր։

1․ Բացատրիր ընդգծված բառերը և արտահայտությունները

Զարկել-հարվածել

մտիկ արավ-լսեց

պաղել -սառել

դալկանալ-դժգունել

տարաժամ-անժամանակ

ծերպ արավ

ածում-ածել

ցնծում-ցնծալը

զարկել-խփել

թուխպ-ամպ

մճրվում

արևակեզ-արևից կիզված՝ խանձված

կիտել-ժողովել

2․ Համառոտ պատմի՛ր առակը։

3․ Բնութագրիր առակի հերոսներին՝ նշելով նրանց տարբերությունները։

4․ Առակի համար նոր վերջաբան հորինիր։

5․ Նկարիր քեզ դուր եկած հատվածը և պատմի՛ր։

Առաջադրանքներ

Կարդա՛ և լրացրո՛ւ բաց թողնված տառերը։

Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ  չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Կարդա՛ հատվածները և գուշակի՛ր, թե ո՞ր հեքիաթներից են։ Գրի՛ր վերնագրերը։

Ճամփորդները

Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։

«Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։

― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։

Մյուս օրը առավոտը վաղ վեր է կենում, գնում փողերն առնելու։ Դու մի՛ ասիլ՝ գիշերը գայլերը մոզին կերել են։ Գնում է տեսնում՝ ոսկորները դեսուդեն ցրված ավերակի առջև։

— Հը՞,— ասում է,— մորթել ես, կերել, հա՜։

— Հա՜․․․

— Չաղ է՞ր, թե՞ չէ։

— Չէ՜։

Ուշադի՛ր կարդա և ուղղի՛ր սխալները։

Որդնել, որթատունկ, վարդանոց, Նվարդ, ելևէջ, շուրջերկրյա, երեկո, կեսօր, փղոսկր, ջրօրհնեք, աղտակույտ, նորաոճ, թռչուն, միոտանի, հնաոճ, նրբերշիկ, վերելք, աներևակայելի։

Բառերին ավելացրո՛ւ արար ածանցը և կազմի՛ր նոր բառեր։

Գյուտ, կազմ, կռիվ, գործ, խաղաղ, հուշ, հաշտ, սնունդ, ցույց, ազատ, նոր։

Գյուտարար, կռվարար, գործարար, խաղարար, հուշարար, հաշտարար, սննդարար, ցուցարար, նորարար:

Յուրաքանչյուր առածում տեղադրի՛ր ընդգծված բառերի հականիշները և կարդա՛։

Դանդաղ քայլեմ՝ ծույլ կասեն, արագ քայլեմ՝ գիժ կասեն։

Օձը դրսից է նախշուն, մարդը՝ ներսից։

Տերը տարածն է ափսոսում, գայլը՝ բերածը։

ՉԱԽՉԱԽ ԹԱԳԱՎՈՐԸ

Լինում է, չի լինում՝ մի աղքատ ջաղացպան։

Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրելիս է լինում գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ունենում է մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Մի օր գնում է, որ ջաղացի ջուրը թողնի, գալիս է, տեսնում՝ պանիրը չկա։

Մին էլ գնում է՝ ջուրը կապի, գալիս է, տեսնում՝ բաղաջը չկա։

Էս ո՞վ կլինի, ո՞վ չի լինի։ Մտածում է, մտածում ու ջաղացի շեմքում թակարդ է լարում։ Առավոտը վեր է կենում, տեսնում մի աղվես է ընկել մեջը։

— Հը՞, գող անիծված, դու ես կերել իմ պանիրն ու բաղարջը, հա՞․ կաց, հիմի ես քեզ պանիր ցույց տամ։— Ասում է ջաղացպանն ու լինգը վերցնում է, որ աղվեսին սպանի։

Աղվեսը աղաչանք-պաղատանք է անում։ «Ինձ մի՛ սպանի,— ասում է,— մի կտոր պանիրն ի՞նչ է, որ դրա համար ինձ սպանում ես։ Կենդանի բաց թող, ես քեզ շատ լավություն կանեմ»։

Ջաղացպանն էլ լսում է, կենդանի բաց է թողնում։

Էս աղվեսը գնում է, էդ երկրի թագավորի աղբանոցում ման է գալի ման, մի ոսկի է գտնում։ Վազ է տալիս թագավորի մոտ։

— Թագավորն ապրած կենա, ձեր կոտը մի տվեք, Չախչախ թագավորը մի քիչ ոսկի ունի, չափենք ետ կբերենք։

— Չախչախ թագավորն ո՞վ է,— զարմացած հարցնում է թագավորը։ — Դու դեռ չես ճանաչում,— պատասխանում է աղվեսը։ — Չախչախը մի շատ հարուստ թագավոր է, ես էլ նրա վեզիրն եմ։ Կոտը տո՛ւր, տանենք ոսկին չափենք․ հետո կճանաչես։

Կոտը առնում է տանում, աղբանոցում գտած ոսկին ամրացնում կոտի ճեղքում, իրիկունը ետ բերում, տալիս, օ՜ֆ,— ասում է,— զոռով չափեցինք։

— Մի՞թե ճշմարիտ սրանք կոտով ոսկի են չափել,— մտածում է թագավորը։ Կոտը թափ է տալիս, զնգալեն մի ոսկի է վեր ընկնում։

Մյուս օրը աղվեսը ետ գալիս է, թե՝ Չախչախ թագավորը մի քիչ ակն ու մարգարիտ ունի․ ձեր կոտը տվեք, չափենք, կբերենք։

Կոտն առնում է, տանում։ Մի մարգարիտ է գտնում, կոխում է կոտի արանքը, էլ ետ իրիկունը ետ բերում։

— Օ՜ֆ,— ասում է,— մեռանք, մինչև չափեցինք։

Թագավորը կոտը թափ է տալի, մարգարիտը դուրս է թռչում։

Մնում է զարմացած, թե էս Չախչախ թագավորն ինչքան հարուստ պետք է լինի, որ ոսկին, ակն ու մարգարիտը կոտով է չափում։

Անց է կենում մի քանի օր։ Մի օր էլ աղվեսը գալիս է թագավորի մոտ խնամախոս, թե՝ Չախչախ թագավորը պետք է ամուսնանա, քու աղջիկն ուզում է։

Թագավորը ուրախանում, աշխարհքով մին է լինում։

— Դե գնացեք,— ասում է,— շուտ արեք, հարսանիքի պատրաստություն տեսեք։

Թագավորի պալատում իրար են անցնում, հարսանիքի պատրաստություն են տեսնում, իսկ աղվեսը ջաղացն է վազում։

Վազում է, ջաղացպանին աչքալուս տալի, թե՝ հապա՜, թագավորի աղջիկը քեզ համար ուզել եմ։ Պատրաստ կաց, որ գնանք, հարսանիք անենք։

— Վա՜յ, քու տունը քանդվի, ա՛յ աղվես, էդ ի՞նչ ես արել,— ասում է վախեցած ջաղացպանը։— Ես՝ ո՞վ, թագավորի աղջիկը՝ ո՞վ։ Ո՛չ ապրուստ ունեմ, ո՛չ տունուտեղ, ո՛չ մի ձեռք շոր․․․ Հիմի ես ի՞նչ անեմ․․․ — Դու մի՛ վախենա, ես ամեն բան կանեմ,— հանգստացնում է աղվեսն ու ետ վազում թագավորի մոտ։

Վազելով ընկնում է պալատը. «Հա՜յ-հարա՜յ, Չախչախ թագավորը մեծ հանդեսով գալիս էր, որ պսակվի։ Ճամփին թշնամի զորքերը հանկարծ վրա տվին, մարդկանց կոտորեցին, ամեն բան տարան։ Ինքը ազատվեց, փախավ։ Ձորում մի ջաղաց կա, եկել է, մեջը մտել։ Ինձ ուղարկեց, որ գամ, իմաց անեմ, շոր տանեմ, ձի տանեմ, գա պսակվի, շուտով գնա, իր թշնամիներից վրեժն առնի»։

Թագավորն իսկույն ամեն բան պատրաստում է, տալիս աղվեսին, հետն էլ շատ ձիավորներ է դնում, որ պատվով ու փառքով իր փեսին պալատ բերեն։

Գալիս են, հանդեսով ջաղացի դռանը կանգնում։ Ջաղացպանի քուրքը հանում, թագավորի շորերը հագցնում, նստեցնում են նժույգ ձիուն։ Շրջապատված մեծամեծներով, առջևից՝ ձիավորներ, ետևից՝ ձիավորներ, էսպես հանդեսով բերում են թագավորի պալատը։ Իր օրումը պալատ չտեսած ջաղացպա՜ն․ շշկլված, բերանը բաց մին չորս կողմն է, մին հագի շորերին է նայում, խլշկոտում ու զարմանում։

— Էս ինչո՞ւ չտեսի նման դեսուդեն է նայում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։— Կարծես տուն չլինի տեսած, շոր չլինի հագած։

— Չէ՛, դրանից չի,— պատասխանում է աղվեսը։— Նայում է ու համեմատում իր ունեցածի հետ, թե իր ունեցածը որտե՜ղ, էս որտե՜ղ․․․

Նստում են ճաշի։ Տեսակ-տեսակ կերակուրներ են բերում։ Ջաղացպանը չի իմանում՝ որին ձեռք տա կամ ինչպես ուտի։

— Ինչո՞ւ չի ուտում, աղվես ախպեր,— հարցնում է թագավորը։

— Գալու ժամանակ ճամփին որ կողոպտեցին, նրա համար միտք է անում։ Չեք կարող երևակայել, տեր թագավոր, թե ինչքան բան տարան, և, վերջապես, ինչ անպատվություն էր էդ մեր թագավորի համար։ Ի՞նչպես հաց ուտի,— պատասխանում է աղվեսը հառաչելով։

— Բան չկա, դարդ մի՛ անի, սիրելի փեսա, աշխարհք է, էդպես էլ կպատահի,– խնդրում է թագավորը։— Այժմ հարսանիք է, ուրախանանք, քեֆ անենք։

Ու քեֆ են անում, ուտում, խմում, ածում, պար գալի․ յոթն օր, յոթ գիշեր հարսանիք անում։ Աղվեսն էլ դառնում է քավոր։

Հարսանիքից հետո թագավորը իր աղջկանը մեծ բաժինք է տալի ու հանդեսով ճամփա դնում Չախչախ թագավորի հետ։

— Կացե՛ք, ես առաջ գնամ, տունը պատրաստեմ, դուք իմ ետևից եկեք,— ասում է քավոր աղվեսը ու վազ տալի։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ մի դաշտում մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է։

Ասում են․

— Շահ-Մարինը։

— Պա՜, Շահ-Մարի անունը էլ չտաք, որ թագավորը նրա վրա բարկացել է, զորքով իմ ետևից գալիս է․ ով նրա անունը տվավ՝ գլուխը կտրել կտա։ Որ հարցնի, թե ումն է, ասեք՝ Չախչախ թագավորինը․ թե չէ՝ վայն եկել է, ձեզ տարել։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ոչխարի հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է։

— Շահ-Մարինը։

Հովիվներին էլ նույնն է ասում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ ընդարձակ արտեր, հնձվորները միջին հնձում են։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Շահ-Մարինը։

Հնձվորներին էլ նույնն է պատվիրում։

Վազ է տալի, վազ, տեսնում է՝ անվերջ խոտհարքներ։

― Էս ո՞ւմն են։

— Շահ-Մարինը։

Խոտ հարողներին էլ նույնն է ասում։

Հասնում է Շահ-Մարի պալատին։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

— Ի՞նչ անեմ, ո՞ւր գնամ,— հարցնում է սարսափած Շահ-Մարը ու տեսնում է, որ, ճշմարիտ, հեռվից փոշի բարձրացնելով, գալիս է թագավորը։

— Փախի՛, շուտով ձի նստի, փախի՛, էս երկրից կորի՛, էլ ետ չնայես։

Շահ-Մարը իսկույն նստում է իր լավ ձին ու փախչում էդ երկրից։

Աղվեսի ետևից գալիս են հարսանքավորները։ Գալիս են զուռնով, թմբուկով, երգով, զորքով, հրացան արձակելով ու աղմուկով։

Գալիս են Չախչախ թագավորն ու իր կինը ոսկեզօծ կառքի մեջ, նրանց աոջևից ու ետևից՝ անհամար ձիավորներ։

Հասնում են մի դաշտի։ Տեսնում են՝ մեծ նախիր է արածում։

— Էս ո՞ւմ նախիրն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են նախրապանները։

Անց են կենում։ Հասնում են սարերին։ Տեսնում են՝ ոչխարի սիպտակ հոտը սարերը բռնել է։

— Էս ո՞ւմն է,— հարցնում են ձիավորները։

— Չախչախ թագավորինը,— պատասխանում են հովիվները։

Անց են կենում։ Հասնում են ընդարձակ արտերի։

— Էս ո՞ւմ արտերն են։

— Չախչախ թագավորինը։

Հասնում են խոտհարքներին։

— Էս ո՞ւմն են։

— Չախչախ թագավորինը։

Ամենքը մնացել են զարմացած, Չախչախ թագավորն ինքն էլ քիչ է մնում՝ խելքը թռցնի։ Էսպեսով, աղվեսի ետևից գալիս են, հասնում Շահ-Մարի պալատներին։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը։

Յոթն օր, յոթ գիշեր էլ էստեղ են քեֆ անում, ու խնամիները վերադառնում են իրենց տեղերը։

Չախչախ թագավորը, իր կինն ու Քավոր Աղվեսն ապրում են Շահ-Մարի պալատներում։

Իսկ թագավորից վախեցած Շահ-Մարը մինչև էսօր էլ դեռ գնում է։

Առաջադրանքներ

1.Փորձի՛ր «Չախչախ թագավորը» հեքիաթը պատմել աղվեսի և Շահ Մարի անունից:

2.Առանձնացրո՛ւ գլխավոր հերոսներին և բնորոշի՛ր նրանց 3-4 նախադասությամբ:

Ջաղացպան- Ջաղացպանն աղքատ էր: Մի պատռված քուրք հագին, մի ալրոտ փոստալ գլխին ապրում էր գետի ափին, իր կիսավեր ջաղացում։ Ուներ մի մոխրոտ բաղաջ ու մի կտոր պանիր։

Աղվես- Աղվեսը խորամանկ էր: Նա չմոռացավ ջաղացպանի լավությունը և իր խորամանկությամբ կարողացավ այնպես անել, որ թագավորի աղջիկը ամուսնացավ ջաղացպանի հետ և տիրացավ Շահ Մարիի ունեցվածքին:

Թագավոր- Թագավորը միամիտ էր և միշտ հավատում էր աղվեսի ստերին: Վերջում նա շատ երջանիկ էր, որովհետև կարծում էր թե իր աղջիկն ամուսնացել հարուստ մարդու հետ:

3.Հեքիաթից դո’ւրս գրիր աղվեսին բնորոշող ամենադիպուկ տողերը։

— Շահ-Մա՜ր, ա՛ Շահ-Մա՜ր,— գոռում է, հեռվից վազելով։— Քու տունը չքանդվի, միամիտ նստել ես։ Թագավորը քեզ վրա բարկացել է, մեծ զորքով գալիս է, որ քեզ սպանի, տունուտեղդ քանդի, տակնուվրա անի, ունեցած-չունեցածդ էլ թագավորական գրի։ Մի անգամ քեզ մոտ մի վառիկ եմ կերել․ էն աղուհացը դեռ չեմ մոռացել։ Վազեցի, եկա, որ քեզ իմացնեմ։ Շուտ արա, գլխիդ ճարը տես, քանի չի եկել։

Քավոր Աղվեսն էնտեղ արդեն տեր է դառել, կարգադրություններ է անում։ Ընդունում է խնամիներին, ու նորից սկսում են քեֆը

Համերգ

Վըտակը ժայռից ներքև է թըռչում,
Թափ առած ընկնում քարերի գըլխին,
Զարկում ավազին, շաչում է, ճըչում,
Ճըչում անհանգիստ, փըրփուրը բերնին։

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։


Այնինչ բընության զըվարթ համերգի Ունկընդիրն անխոս ու հավերժական,
Ժայռը մտախոհ՝ իր մըռայլ մըտքի
Ետևից ընկած լըսում է նըրան։

1.Կարդա՛ բանաստեղծությունը, դուրս գրի՛ր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:

շաչել – սուլոցի նման սուր ձայն հանել

ունկնդրել-լսել

2. Դուրս գրի՛ր փոխաբերություններն ու համեմատությունները: Վերլուծի՛ր:

փրփուրը բերնին, մռայլ միտք, ձենով պառաված, բնության զվարթ համերգ:

3. Առանձնացրո՛ւ քեզ համար ամենատվապորիչ հատվածը և հիմնավորի՛ր ընտրությունդ:

Ինչպես ծերունին, ձենով պառաված,
Ձայնակցում է ժիր թոռնիկի երգին,
Այնպես է ծերուկ անտառը կամաց
Արձագանք տալի ջըրի աղմուկին։

4.  Բնորոշի՛ր բանաստեղծության հերոսներին.

  • ըստ բանաստեղծության Վտակը- շաչող, ճչող
  •  ըստ քո բնորոշման բնությունը-հրաշալի

5. Ազատ շարադրանքի միջոցով վերապատմի՛ր բանաստեղծությունը և նկարի՛ր:

6. Բանաստեղծությունից առանձնացրո՛ւ այնպիսի նախադասություններ, որոնք հարցական նշանի գործածությամբ կարող են հարցական դառնալ:

7. Ընտրածդ նախադասությունների մեջ, հարցական նշանի տեղը փոփոխելով, նոր նախադասություններ կառուցի՛ր:

8. Բանաստեղծությունից դուրս գրի՛ր գաղտնավանկի ,,ը,, ունեցող բառերը և վանկատի՛ր:

9. Դուրս գրի՛ր գրությամբ ու արտասանությամբ տարբերվող բառերը և ընդգծի՛ր / առանձնացրո՛ւ/ փոփոխության ենթարկվող հնչյունը:

8. Անգիր սովորի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր արտասանությունդ և հրապարկի՛ր բլոգումդ։